March 15

Առասպելներ բնության երևույթների մասին

ԵՐԿԻՆՔ ԵՎ ԵՐԿԻՐ

Երկինքը նաև քաղաք է, երբեմն կոչվում է Անգին քաղաք, շրջապատված պղնձե դարպասներ ունեցող քարե բարձր պարիսպներով։ Երկնային քաղաքը մի լույս տաճար է կամ ծիածանաքարով կառուցված՝ վեհ կամարներով շողշողուն պալատ։ Ամեն ինչ այնտեղ լույս ու փայլ է, հրաշալիք, այնտեղ ոչ խավար կա, ոչ ցուրտ։ Դա «անմահության տուն ու տեղ է»։

Երկիրը հանգչում է ցուլի եղջյուրների վրա. երբ նա թափահարում է գլուխը, երկրաշարժ է առաջանում։ Ուրիշ պատկերացումների համաձայն՝ երկիրը գտնվում է օվկիանոսի վրա, չորս կողմից շրջափակված Լևիաթան ձկան մարմնով, նրա գլուխը եկել և մեկ թիզ տարածություն է մնացել, որ հասնի պոչին։ Ձուկը կարծում է, թե իր պոչը օտար կենդանի է, որ միշտ խաղում է իր քթի տակ։ Նա շարունակ հետապնդում է նրան, ուզում է բռնել ու կծել, բայց չի կարողանում, որովհետև աշխարհի ստեղծման օրից մինչև վախճանը Լևիաթանը մի փոքրիկ անգամ չի աճում։ Եթե հանկարծ նրան հաջողվի բռնել իր պոչը, այնժամ աշխարհը քարուքանդ կլինի։ Իսկ երբ նա իր պոչը բռնելու նպատակով շարժումներ է անում, երկիրը ցնցվում է, և երկրաշարժ է առաջանում։ Լևիաթանի գլխին մի մեծ ադամանդ կա, որ գիշեր-ցերեկ լույս է տալիս։ Երբ նա ջրի մեջ շարժումներ է անում, գլխի ադամանդի շողերը փայլատակում են աշխարհի տարբեր կողմերում։
 * Լևիաթան — Աստվածաշնչում կամ հին հրեական ավանդության մեջ՝ ծովային վիթխարի հրեշ, վիշապ։

ԼՈՒՅՍ ԵՎ ԽԱՎԱՐ

Լույսի և խավարի կամ ցերեկվա և գիշերվա կանոնավոր իրար հաջորդելը կարգավորում է Ժուկը1 կամ Ժուկ ու ժամանակը։ Նա ալեհեր ծերունի է՝ նստած մի բարձր սարի վրա։ Ժուկ ու ժամանակը ձեռքին ունի երկու կծիկ, մեկը՝ սպիտակ, մյուսը՝ սև։ Նա կծիկներից մեկը կամ մյուսը հերթով սարից ցած է գլորում։ Լեռան մեկ կողմից նա մի կծիկը ցած է գլորում, մինչդեռ լեռան հակառակ կողմից մյուսը կծկում է։ Երբ սպիտակ կծիկն է քանդելով ցած գլորում՝ լուսանում է, արևը ծագում։ Բայց երբ սպիտակ կծիկն է կծկում, իսկ սևը քանդելով՝ ցած գլորում, մթնում է, արևը մայր է մտնում։
Գիշերային խավարն անձնավորում են սև պառավ վհուկները։ Նրանք արևի և լույսի թշնամիներն են, որ աշխարհի ստեղծման օրից հետապնդում են արևին, բայց չեն կարողանում նրան հասնել կամ բռնել։ Երբ երեկոն իջնում է, նրանք սարերի տակից դուրս են գալիս մեր աշխարհը, որպեսզի բռնեն արևին, բայց արևն արդեն մայր մտած է լինում, և միայն վերջալույսի ցոլքերն են աշխարհը լուսավորում։ Այդ պահին նրանք մեկ բերան փչում են, և մութը պատում է ամբողջ աշխարհը։ Պառավ գիշերամայրերը ձեռներին սև օձեր բռնած սկսում են դեսուդեն վազել, մտնում են սարերը, քարերը, անտառները, տները, գյուղերը, քաղաքները, կարծելով, թե արևն այնտեղ է թաքնվել։ Երկար որոնելով ու չգտնելով արևին, նրանք մտնում են ավերակ ջրաղացներն ու ցամաքած հորերը, որոնք նրանց սովորական ուղիներն են դարձել և դրանց միջով անցնում են գետնի տակ ու ծովերի հատակը՝ արևին փնտրելու։ Հենց այդ պահին արևելքում շառագունում է արշալույսը, լուսանում, և արեգակը գետնի տակից բարձրանում է երկինք։ Եթե գիշերամայրերին հանկարծ հաջողվի տեսնել արևի երեսը, ապա երկրի վրա ոչ մի կենդանի արարած չի մնա, ամեն ինչ կկործանվի ու կոչնչանա, և աշխարհը կլցվի միայն նրանց օձերով։ Բայց, բարեբախտաբար, նրանք երբեք չեն կարողանում տեսնել արևի երեսը։

Արև և Լուսին
Արևը թագավոր է, լուսինը՝ թագուհի։ Լուսինը շրջագայության է դուրս գալիս այն ժամանակ, երբ արար աշխարհը քնած է լինում, որպեսզի ոչ ոք չկարողանա իրեն տեսնել։ Նա զբոսանքի է դուրս գալիս՝ շրջապատված աստղերով, որոնք իր կույս ընկերուհիներն ու նաժիշտներն են։ Լուսին թագուհին ծով բարիքներ է սփռում աշխարհի բոլոր արարածներին, մեկ-մեկ էլ ամոթխածությունից իր դեմքը ծածկում է ամպի քողով։

ԼՈՒՍԻՆ

Լուսինը մի անհամբեր երեխա է եղել։ Մի օր, երբ մայրը խմոր է շաղախում, լալով գալիս է, մորից հաց է ուզում։ Մայրը զայրացած՝ խմորոտ ձեռով ապտակում է լուսնին, անիծում, որ նա երբեք չկշտանա։ Ապտակից լուսինը թռչում է երկինք, դեմքին՝ խմորի կտորներ։ Երբ լուսինը կուշտ է լինում, պայծառ փայլում է երկնքում, երբ քաղցում է՝ խավարում։՛

ԱՍՏՂԵՐ

Աստղերը երկնքի կանթեղներն են, որոնք իբրև ջահեր առանց պարանի կախված են բարձր ու լայն, անսյուն ու անգերան կառուցված երկնային տաճարում և առանց ձեթի լույս են տալիս։ Աստղերը լինում են չար և բարի։ Ամեն մարդ ծնվում, աշխարհ է գալիս մի աստղի տակ. որի տակ կանգնում է մարդը ծնվելիս՝ իր բախտն է։ Եթե նրա աստղը բարի է, նա բախտավոր է, եթե չար է՝ դժբախտ։

Ծիր-կաթին աստղաբույլը կոչվում է նաև Հարդագողի կամ Դարմանագողի ճանապարհ։ Մի խիստ ձմեռ Վահագն աստվածը ասորեստանցիների նախնի Բարշամից հարդ է գողանում, և Ծիր կաթինը այդ գողացված հարդի հետքն է։


Posted March 15, 2024 by Մկրտչյան Պարգև in category Հայրենագիտություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*